02/06/2023 09:41
«Հրապարակ». Սյունիքի մարզպետի և ՏԻՄ ղեկավարների հարաբերությունները խանդի տեսարաններ են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Սյունիքի ՏԻՄ ղեկավարների բարիդրացիական հարաբերությունները խանդի տեսարաններ են առաջացրել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների մոտ, նրանցից ոմանք փորձում են դավեր նյութել մարզպետի դեմ և վերևների ականջը գցել, թե Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետն ավելի շատ շփվում է ընդդիմադիր համայնքապետերի` Գորիսի, Քաջարանի, Կապանի ղեկավարներ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գևորգ Փարսյանի, քան ՔՊ-ական ղեկավարների հետ։ Նշենք, որ վերջին օրերին Առուշ Առուշանյանի հետ Ղուկասյանը Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրեր է այցելել, իսկ նախօրեին Գորիսում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել։
Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է մարզպետին՝ բնակիչներին ասելով, թե առաջին անգամ է, որ ինքը մարզային իշխանության հետ հանդիպումների է գնում։
Սյունիքի մարզպետի երթուղին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ նա մարզով մեկ այցելություններ է իրականացնում, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից: Նախ՝ Գորայք, հետո՝ Սիսիան, Տաթև, Տեղ, վերջին օրերին՝ Գորիս։ 5 համայնքներից երկուսն են ընդդիմադիր՝ Առուշանյանն ու Տաթևի ղեկավար՝ «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը: Իսկ Տեղի ղեկավար Ղուլունցը, ով Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մարզպետին շնորհակալագիր է տվել: Մեզ հայտնեցին, որ մարզպետի հաջորդ կանգառը Մեղրին է, որի ղեկավարն Արամ Սարգսյանի կուսակիցն է»։