03/06/2023 20:01
Սնուցումը նորածնային տարիքում․ Ե՞րբ ներմուծել հավելյալ սնունդ
Նորածին երեխայի համար իդեալական սնունդ է մայրական կաթը։ Այն հարուստ է երեխայի նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ նյութերով։
Կաթի միջոցով մայրը փոխանցում է նաև հակամարմիններ, նյութեր, որոնք անհրաժեշտ են երեխային` վարակներից պաշտպանվելու համար։
Կրծքով կերակրումը շատ կարևոր է նաև մոր և երեխայի էմոցիոնալ կապն ամրապնդելու առումով։
Մայրական կաթի բաղադրությունը երեխայի տարիքի հետ փոխվում է՝ ադապտացվելով նրա օրգանիզմի պահանջներին։
Կրծքով կերակրումը պետք է սկսել երեխայի կյանքի առաջին ժամերից։
Մոր կերակրացանկը չի ազդում կրծքի կաթի հիմնական բաղադրիչների վրա։ Կրծքով կերակրման ժամանակահատվածում անհրաժեշտ է խուսափել սուր համեմունքներից և ալկոհոլի օգտագործումից։
Երեխան կարող է օրական կերակրվել 10-12 անգամ, յուրաքանչյուրը՝ մինչև 20-30 րոպե տևողությամբ։ Շատ կարևոր են գիշերային կերակրումները։
Կրծքով կերակրվող երեխան կարիք չունի լրացուցիչ ջրի։
Եթե ինչ-որ պատճառով չի հաջողվում կերակրել կրծքով, ապա երեխային պետք է տալ իր տարիքին համապատասխան ադապտացված կաթնախառնուրդ։
Չի կարելի տալ կովի կամ այծի կաթ, քանի որ դա կարող է փոքրիկի մոտ առաջացնել երկաթի պակաս, ինչպես նաև հանգեցնել մարսողական տարբեր խնդիրների։
Արհեստական կաթնախառնուրդ ուտող երեխան կարող է կերակրվել օրը 8-10 անգամ։ Այս դեպքում կերակրումների միջակայքում պետք է տալ ջուր՝ ըստ պահանջի։
Յուրաքանչյուր մայր ունի բավականաչափ կաթ՝ իր փոքրիկի համար։ Կրծքի կաթի պակասը հիմնականում երեխային կրծքին ուշ և սխալ մոտեցնելու, նաև կերակրման սխալ տեխնիկայի հետևանք է։
Հավելյալ սնունդը խորհուրդ է տրվում տալ 6 ամսականից։ Ինչպես ավելի շուտ, այնպես էլ ավելի ուշ սկսելը կարող է երեխայի մարսողական համակարգում խնդիրներ, ինչպես նաև սննդային վարքագծի շեղումներ առաջացնել։
Հավելյալ սնունդ ներմուծելու ճիշտ ժամանակը ոչ միայն երեխայի տարիքով է պայմանավորված, այլև նստելու, գլուխը պահելու և զարգացման այլ ունակությունների ձևավորման փուլով։
Հավելյալ սնունդը վաղ ներմուծելը խոչընդոտում է բավարար կալորիաներ ստանալու հնարավորությանը, ինչպես նաև բարձրացնում է սննդային ալերգիաների ռիսկը։
Վաղ տարիքի երեխաները չունեն հավելյալ սնունդ կուլ տալու կոորդինացիա և հմտություն։
6 ամսականից հետո հավելյալ սննդի ներմուծումը նվազեցնում է ատոպիկ դերմատիտի առաջացման ռիսկը։
6 ամսականից ուշ ներմուծումը կարող է հանգեցնել երեխայի վատ աճի։
Մինչև 12 ամսականը չի կարելի տալ կովի կաթ, մեղր, քանի որ այդ տարիքում մեծ է բոտուլիզմի վտանգը ։
Հավելյալ սնունդը պետք է ներմուծել աստիճանաբար։
Առաջին ճաշատեսակը կարելի է պատրաստել համասեռ, ջրալի, մեկ տեսակի մթերքից։ Սկզբում երեխային պետք է տալ 1-2 թեյի գդալ՝ կրծքով հիմնական կերակրումների միջակայքում, այնուհետև աստիճանաբար ավելացնել չափաբաժինը՝ հասցնելով մեկ կերակրման համար անհրաժեշտ քանակի։
Հավելյալ կերակրումների քանակը պետք է ավելացնել մինչև 3-5 անգամ։
Եթե երեխան լավ է յուրացրել նոր սնունդը, 1 շաբաթ հետո կարելի է պատրաստել նորը։
Պետք է սկսել բանջարեղենային կամ մրգային պյուրեից։ Սնունդը պետք է տրվի գդալով։ Երեխայի հավելյալ սնունդը պետք է հարստացնել կարագով, բուսական յուղով։ Խորհուրդ չի տրվում ավելացնել շաքար կամ աղ, ինչպես նաև հյութեր տալ՝ մինչև 2 տարեկանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ