03/06/2023 15:36
Մեր պետության համար մենք «մամա-պապա» ենք փնտրում, մինչդեռ մենք ենք ծնողը, մենք պետք է հոգ տանենք. Արթուր Աթանեսյան
Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս կամ այն դարում տեղի ունեցած իրադարձությունները՝ երևի, որ դասեր քաղենք։ Փաստացի, պատմության՝ մեր դպրոցական, բուհական դասագրքերի մեծ մասում յուրաքանչյուր գլխի ավարտին չկա հարցադրում-պատասխան՝ իսկ ի՞նչ անել, ո՞րն է դասը, «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Պատմության ընկալման բանալիները, ինքնություն և արժեքներ» թեմայով քննարկմանն ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
Նա նկատել է․«Մենք ամեն տարի ապրիլի 24-ին գնում ենք Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր բարձրանալիս նկատելի է՝ բոլորս միասին ենք, իսկ ահա իջնելիս, վերադառնալիս առանձին-առանձին ենք։ Կարծեք՝ մեր առաքելությունը գնալն էր և ապա փախչելը։ Բարձրացանք, ծաղիկներ դրեցինք, հիշեցինք, անկեղծորեն արտասվեցինք։ Ի՞նչ անենք հետո. սկսվում է անկումը ուղիղ և փոխաբերական իմաստով։ Աստիճաններ՝ դեպի քաղաքի Հրազդան մարզադաշտ։ Բոլորս ցվրվում ենք, ոչ թե ցրվում, այլ՝ ցվրվում, արագացնում ենք ընթացքը, որպեսզի շտապ մի սրճարան գնանք և լիցքաթափվենք, մոռանանք»։
Արթուր Աթանեսյանն ընդգծել է՝ սա չէ, ինչ պատմությունը մեզ պետք է սովորեցնի։
«Պատմությունն ունի կոնստրուկտիվիստական կողմ նաև. մենք միշտ ինչ-որ բան ավելացնում ենք պատմությանը, ինչ-որ բան պակասեցնում։ Այն, որ մենք կարող էինք մեր պատմությանը խրատներ ավելացնել կամ պատմությունից խրատներ դուրս բերել՝ անվիճելի է։
Եթե, օրինակ, Բուդապեշտում գնաք էքսկուրսիայի հրեական գերեզմանատուն, էքսկուրսավարը դուրս գալուց կասի՝ ինչ է պետք անել։ Մեր իրականության մեջ էլ պատմության մեկնությունը և կիրառումը այդ մոտեցմամբ պետք է լինի»։
Հիշեցնելով Չերչիլի միտքը՝ «Այն ազգերը, որ մոռանում են իրենց պատմությունը, չունեն ներկա և ապագա», Աթանեսյանն ընդգծել է․ «Սրան հակառակ տեսակետ էլ կա, որն ինձ ավելի է դուր գալիս՝ «Այն ժողովուրդները, որ անընդհատ խոսում են իրենց պատմության մասին, չունեն ապագա»։ Սա, իսկապես, մեր մասին է, մենք մնացել ենք մեր պատմության գրկում, միգուցե սա հարմարավետության գոտի է, որովհետև երեխան էլ մեծանալիս, երբ ասում է՝ ինչ լավ էր այն ժամանակ, չի ուզում հասունանալ։ Սա նաև ազգային հոգեբանության խնդիր է, մեր պետությունը մեր զավակն է, բայց մենք անընդհատ մամա-պապա ենք փնտրում, մինչդեռ մենք ենք ծնողը, ինքներս պետք է մեծացնենք, ինքներս որոշում կայացնենք, բայց անընդհատ գնում ենք հետ՝ պատմություն՝ կա՛մ լացելով, կա՛մ բարի ժպիտով, կա՛մ մեղադրանքներով»։
Աթանեսյանը հիշեցրել է՝ պատմությունը երեք մակարդակ ունի՝ մակրոմակարդակը՝ մենք բոլորս ենք մեր պատմությամբ, միջինը՝ յուրաքանչյուրս մեր ընտանիքի, խմբի մեջ, և երրորդը՝ ամեն մեկս առանձին մեր պատմություններով․ «Այս երեքը պետք է կապված լինեն. մեր ազգային խնդիրն այն է, որ մեր անձնական պատմությունները մենք չենք ուզում կամ չենք կարողանում կապել մեր ազգային պատմության հետ»։