03/06/2023 13:08
120 000 խաղաղ բնակիչ, 7 միլիոն զինված թշնամի. արցախցիները պետք է զգան, որ կա ձեռք, որ կկանգնեցնի Ալիևին. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ)
Հիմա էլ հերոսություն է Արցախում ապրելը, բայց պատկերացրեք խաղաղապահների դուրս գալուց հետո ինչ է կատարվելու. 120000 խաղաղ բնակիչ, 30000 երեխա և 7 միլիոն զինված թշնամի քո շուրջը։ Կամքը, այո, կարևոր է, բայց այդ մարդիկ պիտի զգան, որ իրենց թիկունքում պետություն կա, որ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներով չի առաջնորդվում, որ կա ինչ-որ ձեռք կամ համակարգ, որ կկանգնեցի Ալիևին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Հիմա էլ շրջափակման մեջ ապրելը ծանր է՝ անկախ նրանից խաղաղապահներ կան, թե ոչ։ Երևանում մեկ ժամ հոսանք չի լինում, միանգամից զանգում ենք տարբեր կառույցների՝ դժգոհում, իսկ Արցախում մարդիկ քանի ամիս ապրում են հովհարային անջատումներով։ Հաճախ, կարծեք, հանգստացնելու համար ասում են՝ 90-ականներին շատ ավելի անելանելի թվացող վիճակից ենք դուրս եկել, բայց իմ պատկերացմամբ հիմա շատ ավելի ծանր է, որովհետև 90-ականներին կար գաղափար, որի շուրջ ազգը միավորվել էր»։
Հայկական իշխանությունը չէր կարող թույլ տալ գործողությունների այն հաջորդականությունը, որ անվրդով թույլ է տալիս ներկա իշխանությունը։ Պետական, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունը չէր կարող անել այն, ինչ անում է Փաշինյանի թիմը։ Ի՞նչ անել՝ եթե հայ ես և չես կարող նման փաստաթուղթ ստորագրել, չես ասում՝ ոչ, գնալու եմ ստորագրեմ, ասում ես՝ իմ ձեռքը չի բարձրանում սա ստորագրել, հրաժարական ես տալիս, ընտրությունների չես մասնակցում, քո թիմով չքվում ես։
Էլիբեգովայի գնահատմամբ՝ Ադրբեջանին կկանգնեցնի ոչ թե վախվորած, զիջողական քաղաքականությունը, այլ՝ ուժի կիրառումը։
«Դեռ կան մարդիկ, որ հասկանում են՝ ինչպես խելքի բերել բանակը, բայց այդ մարդկանցից մեկը՝ Գրիգորի Խաչատուրովը կալանավորված է։ Ռեսուսրներ կան, բայց բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվում են, ինչպե՞ս է դա հնարավոր պատերազմող երկրում։ Կարևոր է, որ հաջորդ իշխանությունը մասնագիտական թիմերի հետ աշխատի, ամբողջ համակարգը փլուզված է, եթե ուզում ենք անդունդից գոնե գալ զրոյական կետի, ծանր աշխատանք է պետք՝ ամուր գաղափարով»։