03/06/2023 18:02
Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին․ Գրիզլով
Մինսկի ու Մոսկվայի համագործակցությունն ինչպես Միութենական պետության, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում չի սահմանափակում Ռուսաստանին՝ փոխգործակցության համանման մակարդակի հասնելու նաև Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ, գրել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։ Նրա հոդվածը հրապարակվել է «СБ. Беларусь сегодня» պարբերականում։
«Այն փաստը, որ Բելառուսն ու Ռուսաստանը հանդիսանում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ, չի նշանակում, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ սահմանափակված է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ նույնպես հասնելու փոխգործակցության համանման մակարդակի։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել որևէ մեկի հետ՝ ի վնաս մյուսի»,- գրել է Գրիզլովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ խորը պատմական ու մշակութային կապեր ունի։
«Մոսկվայի համար կարևոր է շարունակել ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը հայ, ղազախ ու ղրղզ բարեկամների հետ»,- նշել է ՌԴ դեսպանը։
Գրիզլովը գրել է նաև, որ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը «2010 թվականին Մաքսային միության ստեղծման ակունքներում են եղել, իսկ միությանը հայ ու ղրղզ գործընկերների միանալուց հետո արդեն ստեղծվել է ԵԱՏՄ-ն»։
«Եվ այսօր հնգյակի երկրները բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին»,- կարծիք է հայտնել Գրիզլովը։