03/06/2023 16:24
«Միջազգային ընտանիքի անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը»․ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կտրականապես դեմ է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելու կապակցությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե այդ հայտարարությունը գործադրության դրվի՝ լրջորեն պիտի նսեմացվեն Արցախի ժողովրդի անկախության ձգտումը, ինքնորոշման իրավունքը եւ միջազգայնորէն միջնորդված խաղաղության գործընթացը։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը եւ պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։
Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցների կողմից եւ հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի կամքը, այլեւ անտեսում է նրա հիմնարար իրավունքները։
Կանադան եւ միջազգային ընտանիքի մյուս անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը եւ պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկեան սկզբունքների մեջ։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամուր կանգնած է Արցախահայության եւ նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք վերահաստատում ենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ ենք ուղղում վարչապետ Փաշինյանին՝ վերանայելու իր դիրքորոշումը։
Մենք կոչ ենք ուղղում նաեւ Կանադային եւ միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը եւ սատար կանգնելու արդարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքները հարգելու սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», -նշված է հայտարարությունում: