03/06/2023 16:08
«Իրենց հարմար մարդիկ գտան, բերեցին՝ «մասովկա» ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում․ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»․ Մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից
Հունիսի 1-ին կառավարությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, որ Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ականավոր հայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյ Միրզոյանի պալատում: Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանին համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են հղել, լուսանկարներում ու մեկ ժամ տևողությամբ տեսանյութում էլ էլ ծափահարություններ կային՝ ուղղված Փաշինյանին։
Այնուհետև մամուլը գրեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը բեմադրված էր, մասնակիցների մեծ մասն էլ Մոլդովայից չէր։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Yerevan.Today-ը, տեղի ունեցածը պարզելու համար, կապ է հաստատել «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանի հետ։ Նա պատմել է հետևյալը․
«Մայիսի 27-ին դեսպանատնից հայտնեցին, որ մայիսի 31-ին պետք է լինի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասացի, որ իմ անունը ևս ավելացնեն ցանկում։ Մայիսի 30-ին զանգահարում են ինձ և ասում, որ իմ անունը հանվում է մասնակիցների ցանկից։ Հարցնում եմ՝ ինչպե՞ս, ես եմ համայնքը ղեկավարում, բա ո՞վ պետք է հանդիպի, եթե ոչ ես։ Ասացին, որ հրահանգը այդպիսին է։ Պնդեցի, որ որտեղ էլ լինի, մասնակցելու եմ։ Ավելի ուշ զանգահարեցին և ասացին, որ հանդիպումը տեղափոխվում է հունիսի 2-ին, ժամը 10-ին, Մանուկ Բեյի թանգարանում։ Ուրախացա, մանավանդ որ այն հայկական թանգարանների շարքին է վերադարձվել իմ ջանքերի արդյունքում։
Հետո ինձ զանգահարեցին և տեղեկացրին, թե հանդիպում չի լինելու։ Ասացի՝ ինչպե՞ս․ որ երկիր գնացել է, հանդիպել է տեղի հայ համայնքին, մեզանից ինչո՞ւ է փախչում։ Ասացին, թե դիվանագիտական հանդիպումներից հետո վերադառնում է Հայաստան։
Հունիսի 1-ին արդեն ինձ նկար են ուղարկում, թե՝ այս մարդիկ ովքե՞ր են, կարծես համայնքից չեն, Փաշինյանի հետ են հանդիպում Մանուկ Բեյի պալատում, ուղիղ եթերում։ Ճանաչեցի մի երկու հոգու։ Փաստորեն, ինձ խաբեցին, թե հանդիպում չի լինելու, իրենց հարմար մարդիկ գտան-բերեցին՝ մասովկա ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում։ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»։
Լրատվամիջոցի հարցին, թե լինելով հայ համայնքի ղեկավար, այդ մարդկանց չի՞ ճանաչում, Վեներա Գասպարյանը պատասխանել է, որ համայնքից մասնակցում էր 6-7 հոգի, իսկ Քիշնևում բնակվում է շուրջ 7 հազար հայ։ Ինքը հաճախ է կազմակերպում միջոցառումներ, ճանաչում է հայերին, համենայն դեպս՝ նրանց, ովքեր համայնքային ակտիվություն են ցուցաբերում։ Վեներա Գասպարյանը փոխանցել է, որ հանդիպման մասնակիցների մնացած մասը բերվել էին այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից, Մերձդնեստրից և այլն։
Հարցին՝ այդ դեպքում հնարավոր չէ՞ր 7 հազար հայերի շրջանակից մարդկանց գտնել, որոնք կհամաձայնվեին հանդիպել Փաշինյանի հետ, հայկական համայնքի ղեկավարը պատասխանել է․ «Համաձայնը՝ ես էլ էի համաձայն, առաջինը ես էի պատրաստ, բայց դե լսեցիք, թե ինչ եղավ։ Խնդիրը համաձայնելու մեջ չէ, այլ՝ աջակիցների․ նրանք ուզում էին պեղել Փաշինյանի աջակիցների, մարդկանց, որոնց համար երևի մեկ է՝ երկիրն ինչ վիճակում կլինի, որ 120 հազար գերի ընկածների մասին չխոսեն, հանձնվող Հայաստանի մասին հարց չտան։ Ինչու, որ Մոլդովայի հայ համայնքը մասնակցեր, չէր խոսի՞ մեր հայրենիքի խնդիրներից»։
Լրատվամիջոցը Վեներա Գասպարյանից հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ էր ուզում ինքը հանդիպել Փաշինյանին, մանավանդ եթե չի աջակցում նրան։
«Ուզում էի հանդիպել ու հարցնել, թե էս ի՞նչ է անում, Արցախը իր հոր բոստա՞նն է, որ ծախում է, ինչու՞ է հանձնում թուրքին։ Ի՞նչ բարոյական, իրավական, սահմանադրական իրավունք ունի, որ երկիրը, մեր հարստությունը հանձնի։ Կամ ի՞նչ անկլավի մասին է խոսքը․ խուսափում է հանրաքվե անել, որովհետև գիտի՝ ժողովուրդը դեմ է քվեարկելու։ Նա հերթով պլանավորած տանում է։ Մի խելագարի ձեռքը կրակն ենք ընկել, ու ամոթ մեր հայությանը, որ թողնում ենք՝ հերթով մեզ տանի Ալիևի ու Էրդողանի մսաղաց»,- պատասխանել է Վեռներա Գասպարյանը։
Նրա խոսքով՝ թեև իրականում հայ համայնքի հետ Փաշինյանը չհանդիպեց, սակայն կարևորը՝ իմացավ, որ բոլորը իրեն դեմ են։ «Մենք շատ լավ ենք զգում, որ մեզանից վախեցավ ու փախավ»,- ասել է նա։