03/06/2023 17:28
Փաշինյանը գնացել է տիրոջ՝ Էրդողանի մոտ՝ նրա կոշիկները սրբելու. Տիրան Լոքմագյոզյան
Հայաստանի շահը ներկայացնող, արժանապատվություն ունեցող ղեկավարը չէր գնա Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը։
«Թուրքիայից շարունակում են մեզ ստորացնել, իրենց այս երկու տարվա խոսույթում չեք տեսնի մեկ բառ՝ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու մասին։ Բացահայտ ասում են՝ գնա Ադրբեջանի հետ լեզու գտիր, Ալիևի պահանջները բավարարիր, հետո կգաս մեզ մոտ։ Այդքանից հետո էլ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խոստում չի տալիս. իրենք անշեղորեն իրենց գաղափարն են առաջ տանում։
Երեսուն տարի Թուրքիան փորձում էր հայ ղեկավարներին ծուղակը գցել, նախկին ղեկավարների դեպքում ոչինչ չհաջողվեց, իսկ ահա այս մեկը՝ Փաշինյանը, ոչ էլ թակարդ ընկնելու խնդիր ունի. չէ՞ որ հենց Թուրքիայից հանձնարարություններով էր եկել իշխանության։ Փաշինյանն ուզում է գործն ավարտին հասցնել՝ անշեղորեն աշխատում է մեր թշնամիների՝ այսինքն՝ իր բարեկամների հետ»,- ասաց նա։
Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց՝ Թուրքիայի նպատակը Հայաստանից մի բուռ հող թողնելն է, այդ հողի վրա քանի հոգի էլ մնա՝ կլինեն գերի՝ սեղմված թուրք-ադրբեջանական օղակի մեջ․
«Եթե չլիներ Իրանի, Ռուսաստանի հակազդեցությունը, իմ հաշվարկով, Թուրքիա-Փաշինյան ծրագիրն արդեն մեկ տարի առաջ իրագործված կլիներ»։