03/06/2023 10:40
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. Տիգրան Աբրահամյան
Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով, այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով՝ փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա: Երկրորդ, արդեն քանի օր է՝ Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում են կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:
Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստությունը, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` ինքնապաշտպանվել, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլև հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»,- Facebook-ում գրել է պատգամավորը: