03/06/2023 17:00
Տեղի ունեցավ Էրդողանի երդմնակալության արարողությունը․ Փաշինյանը, Ալիևը և արարողությանը մասնակից մյուս երկրների ղեկավարները այդ առիթով կնստեն մի սեղանի շուրջ՝ պաշտոնական ճաշի
Թուրքական մեջլիսում տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։
Արարողությանը ներկա են եղել 78 երկրների ներկայացուցիչներ, 20 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն էր շտապել շնորհավորել Էդողանին վերընտրվելու կապակցությամբ և հենց մայիսի 28-ի երեկոյան ուղերձ էր հղել նրան։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այդ օրն էր տեղի ունեցել։
Այսօր արդեն Թուրքիայում տեղի ունեցած պաշտոնական միջոցառման ժամանակ այդ երկրի մեջլիսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դևլեթ Բահչելին Էրդողանին է փոխանցել ընտրություններում հաղթանակի մասին վկայող փաստաթուղթը, այնուհետև Էրդողանն արտասանել է իր երդման տեքստը։
Թուրքական արարողակարգերով նախատեսված միջոցառումներից հետո, որոնց շարքում է, ի դեպ, նաև Էրդողանի կողմից Աթաթուրքի դամբարանին ծաղիկներ խոնարհելը, Թուրքիա այցելած օտարերկրյա ղեկավարների պատվին պաշտոնական ճաշ է մատուցվելու Չանքայա պալատում։ Այդ մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Իսկ թե մասնակցելու՞ է արդյոք Հայաստանի վարչապետը միջոցառման նաև այն հատվածին, որում նախատեսված է այց Աթաթուրքի գերեզմանին, պաշտոնական տեղեկություններ չկան։
Նշենք նաև, որ այսօր Էրդողանը պաշտոնապես հրապարակելու է նաև թուրքական նոր կառավարության կազմը։