03/06/2023 10:28
«Փաստ». Չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո
«Փաստ» թերթը գրում է. «Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր եկեղեցիների զանգերը: Այնպես, ինչպես, ըստ վկայությունների, եղել է 1918-ին` Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց զանգերի ձայն չկա, չնայած նրան, որ հայրենիքի իսպառ վերացման տագնապն ահագնանում է, իսկ Քիշնևից հետո միայն մտոք կույրն է, որ այն չի զգում ու տեսնում: Այս օրերին հասարակական ու քաղաքական խոսույթում հատկապես ուշադրություն են գրավում սովորություն դարձող մի քանի արտահայտություններ, թե՝ «իշխանափոխությունից հետո այսինչին պետք է...», «իշխանափոխությունից հետո պետք է այնինչ բանը անել», «իշխանափոխությունից հետո...»:
Հիմնական տպավորությունն այն է, որ չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո: Մինչդեռ խոսույթում շատ քիչ է այն, թե ինչպես այդ «հետո»-ն դարձնել առկա իրողություն: Խնդիրը երևի դա է: Երևի պետք է նախ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես վայ «հեծյալին» ցած բերել վագրի վրայից, այլ ոչ թե վայ որսորդների նման նստել ու մտածել, թե ինչպես է պետք կիսել վագրի մորթին, որին դեռ չեն որսացել: Դա անհեռանկար գործ է. դեռ չորսած վագրի մորթին կիսելը նկատի ունենք: Գրեթե օր չի անցնում, որ քաղաքական առումով մի հրդեհ չբռնկվի, մի կարևոր բան չայրվի:
Տպավորություն է, որ բոլորս կամ շատ-շատերս ոչ թե «հրդեհների» բռնկման պատճառի խնդիրն ենք լուծում կամ գոնե մտածում դրանք կանխելու մասին, այլ վերածվել ենք հրշեջների: Չինական առածն ասում է, որ եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է գետը տանում քո թշնամու դին: Հա, բայց մենք Չինաստանում չենք ապրում: Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն...»։