03/06/2023 09:59
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում զգալի առաջընթաց կա. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստից հետո:
«Զգալի առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։ Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Բանակցությունների արդյունքները, ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետը, կզեկուցվեն երեք երկրների ղեկավարներին։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- նշել է Օվերչուկը։
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Օվերչուկի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։