04/06/2023 19:29
Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 8-ամյա ըմբիշը
Երեկ՝ հունիսի 3-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։
Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Դեպքի առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով: