04/06/2023 11:00
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են
Գիշերը կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 44-ամյա Կարեն Պողոսյանն է, ով ձախ ուսի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղում գործող «Լե Մարկ» ՍՊԸ-ին պատկանող կահույքի արտադրամասի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր Կ․ Պողոսյանի և նույն գյուղի բնակիչ 41-ամյա Ասքանազ Պողոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ինքնաշեն հրազենից կրակոց է արձակել Կ․ Պողոսյանի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիավորը Մարտունիում հայտնի է «Պռուժի Կարեն» մականվամբ, ով երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել Ուկրաինայում, և երբ սկսվել է ուկրաինական պատերազմը, վերադարձել է ծննդավայր։
Կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են։
Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նույնպես ելեղել են արնանման հետքեր, և ըստ տեղեկությունների՝ ավտոեքենան պատկանում է վիրավորին, և վերջինս այդ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։