05/06/2023 22:07
Աշխարհում կան շատ երկրներ, որոնք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն սահմանները ճշգրտված չեն․ Հովիկ Աղազարյան
Աշխարհում կան շատ երկրներ, որոնք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն սահմանները ճշգրտված չեն։ Իրենց մոտ, սակայն, այդ հարցն այն սրությամբ դրված չէ, ինչպես մեզ մոտ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանը Կադաստրի վկայական չունի»։ Իր խոսքով՝ քանի դեռ մեր երկրի սահմանները ճշգրտված չեն ու սահմանազատումն իրականացված չէ՝ այդ խնդիրը շարունակելու է մնալ չլուծված։
«Այս իմաստով, այո՛, մենք գիտենք, որ այսինչ թփի մոտով է անցնում սահմանը։ Բայց թե տվյալ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում՝ չգիտենք»,- ասել է նա։
Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի՝ խոսքն այս դեպքում վերաբերում է այդ սահմաններն ամրագրելուն։ Հետևաբար, ըստ Աղազարյանի, երբ իրենք հայտարարում են, որ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ ձևով չի արձագանքում, հասկանում են, որ այդ կառույցը դա անում է՝ հստակ իմանալով սահմանի հստակ կետերը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով ՀԱՊԿ-ը կարող է իմանալ մեր սահմանները, երբ մեր իշխանությունները հայտարարում են «կադաստրի վկայական» չունենալու մասին՝ Աղազարյանը հայտարարել է, որ մենք գիտենք մեր սահմանները, և սահմանազատումն անհրաժեշտ է՝ հարևան երկրի ղեկավարության հետ հակասություններ չունենալու և «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի համար։
«Չնայած խաղաղության պայմանագիրն էլ չպետք է ֆետիշացնել, որովետև այսօր կարող ես կնքել այդ պայմանագիրը, իսկ հաջորդ օրը հարձակվել քո հարևանի վրա։ Ալիևն էլ է ուզում խաղաղություն։ Բայց ինքն ուզում է խաղաղություն հաստատել՝ հայերին կոտորելով ու զրկելով իրենց տարածաշրջանից»,- ասել է նա։
Այս դեպքում Աղազարյանը կարևորել է երկու հանգամանք՝ պաշտպանունակության բարձրացում և համաշխարհային հանրության առջև խաղաղ գոյակցության պատրաստակամությամբ ներկայանալը։ Անդրադառնալով այսպես կոչված անկլավների հարցին՝ Աղազարյանն ասել է, որ եթե կողմերն ուզում են իրական խաղաղություն, ապա Տիգրանաշենը չպետք է հանձնվի Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ ինքը կանի իրենից կախված ամեն ինչ, որ դա տեղի չունենա։