05/06/2023 19:33
Հայաստանի Արվեստի ինստիտուտը և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտը գիտական ֆորում են անցկացնելու Երևանում
Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։
Ֆորումին զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։
Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4) տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով: