05/06/2023 18:27
«Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանն է»․ Պաշտպան
«Դատարանի որոշումը այնքան էլ անակնկալ չէր, առավոտից խաղ էր գնում՝ Վերաքնիչի որոշումից սկսած և, պարզ ասած, Գայանե Հակոբյանին կալանավորելու այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշոտ Փաշինյանի «առևանգման» մեջ մեղադվող Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մոր նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխելու մասին դատարանի վերջին որոշմանը։
«Մեր բարձրացրած իրավական խնդիրը հենց այն է, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա, և դա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում»,- հավելեց պաշտպանը՝ ընդգծելով՝ դատարանի վրա Փաշինյանի ազդեցության ամենաակնհայտ փաստերը նրա իսկ հրապարակային հայտարարություններն են․ վերջինը մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ հնչեց․ Փաշինյանի խոսքում այս դեպքի վերաբերյալ գնահատողական մոտեցում էր առկա։
«Այսօրվա դրությամբ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որտեղ ուղղակի մասնակցություն ունի վարչապետը՝ որպես առաջին դեմք»,- ասաց Գեորգի Մելիքյանը։
Գայանե Հակոբյանի պաշտպանը նշեց նաև՝ դատաքննության հետագա ընթացքում իրենք կոնկրետ ապացույցներ էլ կներկայացնեն։
«Մենք կներկայացնենք պատշաճ ապացույցներ՝ հիմնավորող նրա ազդեցությունը և, առհասարակ, ապացույցներ՝ այս գործի ընթացքում Փաշինյանի հնարավոր մասնակցության մասով»,- ասաց փաստաբանը։