05/06/2023 19:20
Արցախը կա ու լինելու է, եղա՞վ. Գուրգեն Մելիքյան
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, մի քանի քառակուսի մետրանոց սենյակում, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ներկայությամբ Արցախն ավելի մոտ է թվում. սենյակի մի պատին՝ Ավոյի՝ ՀՀ ազգային հերոսի լուսանկարն է, Ավոյից մեկ այլ լուսանկար էլ դրված է սեղանին՝ երիտասարդ Գուրգեն Մելիքյանն ու Մ. Մելքոնյանը՝ ուս ուսի։ Գուրգեն Մելիքյանն ասում է՝ այդ նկարի բնօրինակը Ավոյի ծնողների խնդրանքով նվիրել է ազգային հերոսի ընտանիքին։
Պրոֆեսորի սենյակի մեկ այլ անկյունում դասավորված գրքերի վրա սև-սպիտակ լուսանկար է դրված. պատկերված է մեծ քար՝ գրությամբ՝ «Սա Հայաստան է և վերջ»։
«Ազգալդյանի քարը Քաշաթաղը հանձնելուց հետո տեղափոխեցի Ստեփանակերտ»,-ասում է Մելիքյանը։
Փաստորեն, ոչ թե Երևան կամ Հայաստանի Հանրապետության այլ վայր, մտածում եմ ես, այլ՝ դարձյալ Արցախ։ Այսինքն՝ թշնամին ուզում է Արցախը վերացնել՝ միլիմետր-միլիմետր խլելով, Մելիքյանը Ազգալդյանի ուղերձը՝ քարին դաջված, տանում է Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ։ Թշնամին մեզ ուզում է Արցախից հեռացնել, մենք դեպի ներս ենք քաշվում, որքան ավելի շատ է ուզում հեռացնել, այնքան ավելի շատ ենք կառչում մի ափի չափ մնացած հայրենիքից։
Հարցնում եմ՝ Արցախը կկարողանա՞նք պահել։ Իհարկե՝ վայրկյան չանցած պատասխանում է պրոֆեսորը, ես անգամ չեմ երկմտում։
Հետո վերցնում է հեռախոսը.
-Սպասիր, զանգեմ Արցախ։
-Ալո, Սաքո ջան, ինչպե՞ս ես, ի՞նչ կա այդտեղ։
-Համեմատաբար հանգիստ է, նույն՝ մարտական տրամադրությամբ ենք, մարդիկ չեն ուզում հանձնվել։ Իհարկե, վախկոտներ կան՝ պատրաստ հեռանալու, բայց իրենց գնալը բոլորիս է օգուտ՝ իրենց հետ տագնապային տրամադրություններն էլ են տանում։ Հետո Գուրգեն Մելիքյանը Սարգիսից «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնից որոշ տվյալներ է ճշտում։
Զանգի ավարտին ցույց է տալիս հեռախոսի նկարները՝ Քաշաթաղից։ «Այդքան տարի եղա Քաշաթաղում, մեկ սանտիմետր հող չունեմ, բայց այգիներ ունեի՝ Ազգալդյանին, Վարդանին, Թաթուլին նվիրված։ Քաշաթաղից դուրս գալիս համբուրեցի ծառերս»։
Մտածում եմ՝ բարեբախտություն է, որ պրոֆեսորը գոնե կարողացել է հրաժեշտ տալ ծառերին, իսկ ես չհասցրի Աղավնոյում տնկածս ծառերը երկրորդ անգամ ջրել. ձմռանը տնկեցի, ամռանը հանձնեցին։
Պրոֆեսորը հարցնում է՝ Արցախի՞ց ես, ասում եմ՝ այո, այնպես, ինչպես որ Դուք եք Արցախից՝ ծնվելով Իրանի Աբադան քաղաքում, ապրելով Երևանում։ Ժպտում ենք։
Հիշեցնում եմ, որ տարիներ առաջ Քաշաթաղի ծառերից մի քանիսն էլ ես եմ տնկել, երբ ուսանող էի, երբ երջանիկ էինք, երբ պրոֆեսորի հետ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ ծառեր էինք տնկում՝ սրբորեն մտապահելով՝ որ ծառը որտեղ ենք տնկել, որովհետև, կարծես, ամեն ծառի հետ նույնանում էինք Արցախին։
«Արևիկի իններորդ երեխան այս տարի լույս աշխարհ եկավ Արցախում», -պատմում է պրոֆեսորն ու Արևիկի նորածնի մի քանի լուսանկար ցույց տալիս։ Ժպտում եմ, Արևիկ Գրիգորյանի ընտանիքին ես էլ եմ ճանաչում։
«Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը տասնյակ տարիներ աջակցում է բազմազավակ ընտանիքներին, 2020 թվականի պատերազմից հետո հիմնադրամը մեկ օր չի դադարեցրել աշխատանքները, պրոֆեսորն ասում է՝ «Որովհետև Արցախը կա ու լինելու է, եղա՞վ»։
«Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի, Արցախի, հայրենիքի նվիրյալ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գործունեության մասին մանրամասն կպատմենք հաջորդ նյութերում։