05/06/2023 14:54
Ռուս գործընկերների հետ ոչ մի խնդիր չունենք. մեր գլխավոր նախագծողները ռուսական ընկերություններն են. ՀԱԷԿ տնօրեն
Նմանատիպ քննարկումների կարևորությունն այն է, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ատոմային էներգետիկայի ոլորտում և թե ինչպես է ապահովվելու շրջակա միջավայրի ազդեցությունը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով քննարկմանը՝ ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը։
Նրա խոսքով՝ կա ստեղծված աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է տարածաշրջանային միջուկային էներգետիկայի շուկաներում տարբեր երկրների մոտեցումները, և նման հանդիպումները կօժանդակեն, որպեսզի ճիշտ մոտեցում լինի։
Aysor.am-ի հարցին, թե վերջերս ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարվեց, որ պատրաստվում են ՀՀ-ում մոդուլային ռեակտորներ կառուցել, որքանո՞վ է այն մեզ համար կարևոր և արդյունավետ՝ Վարդանյանը պատասխանեց. «Ճիշտ եք, կա այդպիսի քննարկում՝ ուրսումնասիրել ամերիկյան մոդուլային բլոկների հնարավորությունները։ Աշխատանքային խումբ է ստեղծված, պետք է գնահատվի, ուսումնասիրվի ամերիկյան փորձը։
Եթե դուք հիմա իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա հիմա ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Մասնագիտական խումբը որոշում կկայացնի՝ դա մեզ համար արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Արդեն ասել եմ, որ և՛ հարավկորեական միջուկային բլոկների հարցն է քննարկվում, և՛ ռուսական կողմից առաջարկություն կա, ֆրանսիականից էլ կա, ինչպես նաև ամերիկյան մոդուլային բլոկների մասով կա քննարկում։ Իմ տեղեկություններով՝ ամերիկյան մոդուլային բլոկներն արդեն Եվրոպայում ուզում են կառուցել»։
Թե որ պետության հետ ՀՀ-ն կհամագործակցի՝ Վարդանյանը պատասխանեց, որ դա քաղաքական որոշում է.«Մենք պետք է նայենք միջուկային բլոկների առաջին հերթին անվտանգ շահագործման հնարավորությունները։ Մեր երկիրը շատ փոքր է, չպետք է որևէ ռիսկի գնանք։ Առաջնահերթն անվտանգ շահագործումը պետք է լինի և վթարային ռեժիմներով անվտանգության ապահովումը՝ և՛ շրջակա միջավայրի, և՛ բնակչության վրա»։
Վերջերս խոսվում է, որ ռուսական գործընկերների հետ խնդիրներ կան ատոմակայանի երկրորդ բլոկի կառուցման մասով։ Aysor.am-ի այն հարցին, թե ինչ խնդիրներ են և որ փուլում է երկրորդ բլոկի կառուցումը՝ Վարդանյանը պատասխանեց.«Մենք բացարձակապես խնդիրներ չունեք մեր ռուս գործընկերների հետ։
Դուք լավ տեղյակ եք, որ մեր գլխավոր կոնստրուկտորները, նախագծողները ռուսական ընկերություններն են, և առաջիկա ժամանակներում «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկնքենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի հիմնական սարքավորումները տրամադրվեն և կարողանանք լիցենզիայով շարունակել աշխատել։ Որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ, ուղղակի հիմա ֆինանսավորման ճանապարհներն ենք փորձում կարգավորել, թե ինչպես պետք է ֆինանսավորումը լինի։ Կա տարբերակ, որը ռուսական կողմն է առաջարկում, որ իրենք ֆինանսավորեն, կա տարբերակ, որ մեր կառավարությունը կարող է տալ։ Ինչպես հասկանում եմ՝ մեր կառավարությունը ֆինանսներ տալու խնդիր չունի»։