05/06/2023 16:48
Տողեցի Անահիտը պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները՝ Արցախում արժանապատիվ ապրելու համար
22-ամյա Անահիտ Արզումանյանը ծննդով Հադրութի շրջանի Տող գյուղից է:
Արցախի պետական համալսարան ընդունվելուց և 27 օր հաճախելուց հետո, սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որի հետևանքով Անահիտենք ստիպված տեղահանվեցին՝ հազարավոր հադրութեցի ընտանիքների նման: Անահիտի ծնողները մնացին Երևանում, իսկ ինքը պապիկի և տատիկի հետ վերադարձավ Ստեփանակերտ և շարունակեց ուսումը:
«Ընդանուր առմամբ, շրջափակումն իմ առօրյայի վրա մեծ ազդեցություն չունեցավ, բացառությամբ սննդի պակասը, գազամատակարարման խափանումն ու հովհարային անջատումները:
Շրջափակմանը մենք պատրաստ չէինք, տանը պահեստավորած պարենային ապրանքներ չունեինք: Ես ինքս շրջափակման սկզնբական շրջանում դեռ աշխատում էի ու չէի կարողանում գնալ խանութ, գնումներ անել, զանգում էի տատիկիս, ով թոշակառու կին է, ինքն էր գնում, գնումներ կատարում: Տատիկը երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում էր, որ նոստալգիա է իր համար այս հերթերին կանգնելը, հիշում էր 1990-ականների սկիզը:
Շրջափակման ընթացքում ես նույնպես շատ արցախցիների նման կորցրեցի աշխատանքս: Քանի որ սիրում եմ երեխաների հետ շփվել, մինչև 4-րդ դասարանի երեխաների հետ նաև դասապատրաստում եմ անցկացնում, այդ ընթացքում մենք իրարից շատ բան ենք սովորում, այդ շփումը ինձ դրական էներգիա է տալիս ու ամենից կարևորը՝ համբերություն եմ ձեռք բերում:
Երեխաների հետ աշխատելու համար միշտ ընտրում էի ցերեկային ժամեր, որ երեխաները մթության մեջ չլինեն, ուշադրություն էի դարձնում լույսերի գրաֆիկին, որ հասցնեմ տունը ևս տաքացնել:
Մեզ հիմնականում օգնում էր մայրական կողմի տատիկս, ով ապրում է գյուղում: Գյուղմթերքով՝ մրգերով ու բանջարեղենով մեզ ապահովում էր: Այդ ամենն ավելի բարդացավ, երբ բենզալցակայանները և գազալցակայանները սկսեցին չաշխատել: Ստիպված փորձում էր հնարավորության պարագայում գյուղից եկող հասարակական տրանսպորտով ուղարկել:
Մենք էլ մեր հերթին գյուղ էինք ուղարկում այն պարենային ապրանքները, որոնք գյուղում բացակայում էին:
Հունվարին պապիկս մահացավ, դա մեզ համար ամենից անտանելի ժամանակահատվածն էր: Ես ու տատիկս մենակ էինք, ոչ ոք գրեթե չկար մեր կողքին: Ծնողներս ոչ մի կերպ չկարողացան գալ, հայրս մինչ այս պահը չի կարողանում համակերպվել այն դառը իրականության հետ, որ իր հայրիկի մահվան արարողություններին չկարողացավ ներկա գտնվել: Տատիկին և ինձ օգնեց Տող գյուղի համայնքապետարանը:
Շատ դժվար էր, երբ միայնակ էինք, ցուրտ էր, ու անգամ այդ օրերին լույսերն անջատում էին:
Ինձ մոտ մի պահ ի հայտ եկավ մի ծայրահեղ հոգեվիճակ, որից ես փորձեցի դուրս գալ պարի միջոցով: Ընդունվեցի այզգային-ազգագրական «Տնջրե» պարի համույթ: Այս իրավիճակում առաջնահերթությունը տվեցի ազգայինին, քանզի պետք է մեր մշակույթին շատ մեծ կարևորություն տանք:
Արդեն մի քանի անգամ ունեցել ենք համերգներ, որը շատ մեծ շուքով է անցել: Ես դա ևս ընկալում եմ որպես կարևորագույն առաքելություն՝ ազգայինը տարածելու գործում:
Այս տարի ես ավարտում եմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» բաժինը: Բուհից մեզ ուղարկեցին փորձաշրջան անցնելու արցախյան լրատվականներից մեկում, որտեղ էլ ինձ հրավիրեցին աշխատել որպես լրագրող: Ինձ համար մեծ ձեռքբերում էր աշխատանք գտնելը շրջափակման պայմաններում, այն էլ՝ իմ մասնագիտությամբ:
Ես երբեք չեմ կարող պատկերացնել իմ կյանքն Արցախից դուրս: Ունենալով հնարավորություն ապրելու Երևանում՝ ես գերադասեցի մնալ այստեղ և իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել իմ հայրենիքին:
Ցանկացած արցախցի, ով այս պահին ապրում է Արցախում, պետք է անի այն ամենը, ինչ իրենից կախված է, որ Արցախը չհայաթափվի ու լինի կանգուն: Հնարավոր է հաղթահարել դժվարությունները, միայ թե մեր հայրենիքը մնա մերը, ու մենք արժանապատիվ այստեղ ապրենք:
Ծնողներիս հանդեպ ունեցած կարոտն է միայն, որ ինձ խեղդում է», - պատմել է Անահիտ Արզումանյանը: