05/06/2023 13:57
Ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում նոր ատոմակայան կառուցել ոչ զրոյից. Իլյա Վերգիզաև
«Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» պանելային քննարկման ժամանակ «Ռուսատոմ էներգետիկ նախագծեր» ԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն Իլյա Վերգիզաևը հայտարարեց, որ ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում նոր ատոմակայան կառուցել ոչ զրոյից։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն կայանների կառուցման և շահագործման ընդհանուր կարգավորող դաշտ, որը թույլ կտա «անխափան» անցում կատարել գոյություն ունեցող կայանից նորին:
«Մենք խոսում ենք ոչ միայն մեկ լեզվով՝ ռուսերեն, այլ նաև մեկ տեխնիկական լեզվով։ Հակառակ դեպքում, կանոնակարգերը վերաշարադրելու թղթային աշխատանքը լրացուցիչ ժամանակ է պահանջում, ինչպես մենք ունեինք Հունգարիայի ԱԷԿ-ում և այլ նախագծերում։ Հայաստանում հնարավոր կլինի ժամանակ չվատնել սրա վրա ու միանգամից սկսել աշխատել։ Ինչ վերաբերում է Հայաստանի համար տնտեսական էֆեկտին, ապա շինարարությանը Հայաստանից կներգրավվեն ձեռնարկություններ, ուստի կայանի արժեքի մի մասը կվերադառնա երկրի տնտեսությանը։
Իհարկե, ազդեցությունը նույնպես երկարաժամկետ կլինի, քանի որ էներգետիկ բազան առաջին հերթին արդյունաբերության հիմքն է։ Բայց եթե անգամ ինքներդ ձեզ չհարցնեք, թե ինչ են արտադրելու Հայաստանի գործարանները 10 կամ 20 տարի հետո, կարելի է նկատել, որ առաջին 1-2 տարում երկիրը կսկսի տնտեսական օգուտներ ստանալ շինարարական ընկերությունների գործունեության շնորհիվ»,- ասաց նա։
Բանախոսները շեշտեցին ատոմային էներգետիկայի մեծ նշանակությունը։
Էներգետիկայի հարցերով հունգարացի փորձագետ Ժոլտ Հարֆաշը նշեց, որ, չնայած նրան, որ գերմանացիները չեն սիրում ատոմային էներգետիկան և հայտարարում են, որ չունեն, սակայն երբ իրենց պետք է գալիս, օգտվում են Ֆրանսիայի ատոմային էներգետիկայից։
«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանն էլ ավելացրեց, որ ոչ մի երկիր չի կարող գոյատևել առանց ատոմային էներգետիկայի. «Մենք 90-ականներին ականատեսը եղանք, թե ինչ դժվարին պայմաններում է հայտնվում երկիրը, երբ չի ունենում ատոմային էներգետիկա։ Դա երկրի անվտանգության հիմքն է»։