05/06/2023 14:21
Մուտքի արտոնագրի վճարի ավելացումը գործողության մեջ կմտնի հունիսի 17-ից. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 24-ին հանդես եկավ մուտքի արտոնագրի վճարի ավելացման մասին հաղորդագրությամբ, որը գործողության մեջ պետք է մտներ 2023թ․մայիսի 30-ից։
Aysor.am-ը կապ հաստատեց դեսպանատան հետ, ճշտելու՝ արդյո՞ք փոփոխությունն ուժի մեջ է մտել և համապատասխանու՞մ է նախապես տրամադրված տվյալներին։
«Որոշումն ուժի մեջ է մտնելու հունիսի 17-ից», - ասաց դեսպանատան զանգերի օպերատորը, իսկ ժամկետների և այլ փոփոխությունների հետ կապված լրացուցիչ հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում էր 2023թ․մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։
Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։
Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ՝ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։
Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։