07/06/2023 18:28
Մայք Փենսը առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա տեսաուղերձ է հրապարակել Twitter-ում, որում նշել է, թե չի կարող պարզապես «կողքից հետևել» ԱՄՆ-ում առկա խնդիրներին։
«Այդ պատճառով էլ այսօր Աստծո առաջ և իմ ընտանիքի առաջ հայտարարում եմ, որ մասնակցելու եմ ԱՄՆ նախագահական ընտրություններին»,- ասել է Փենսը։
ԱՄՆ նախկին փոխնախագահը քննադատության է ենթարկել գործող նախագահ Ջո Բայդենին՝ նրան մեղադրելով Ամերիկան ինչպես ներսից, այնպես էլ միջազգային ասպարեզում թուլացնելու մեջ։
«Ամերիկյան արժեքներն այսօր առավել, քան երբևէ, վտանգված են»,- ասել է Փենսը՝ հավաստիացնելով, որ ինքը կարող է ԱՄՆ-ում «նոր կյանքի սկիզբ դնել»։
Նշենք, որ Միացյալ նահանգներում նոր նախագահ են ընտրելու 2024 թվականի նոյեմբերին։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն արդեն հայտարարել է վերընտրվելու իր մտադրության մասին, նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել է նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։