07/06/2023 14:38
Դեմոկրատիայով չեք կրակի, դուխով չեք ռմբակոծի. Հայաստանում ուզում են ապրել ինչպես Լյուքսեմբուրգում. Իսկանդարյան (Տեսանյութ)
Իշխանությունը մանևրում է, այլ հարց է՝ որքանով է դա լավ ստացվում։ Փորձը տարբեր հարթակներում տարբեր ուղերձներով խոսելու, ժամանակ շահելու, արվում է, բայց հիմնական հարցն է՝ թե ինչպես է դա արվում, արածի որակն է կարևոր, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Եթե մանևրումը ուղեկցվեր սուվերենության բարձրացման փորձերով, կասեի, որ այդ մանևրելու քաղաքականությունը ճիշտ է։ Սուվերենության բարձրացում հնարավոր է ոչ միայն զենքով. տնտեսությունը զարգացնելը, դիվանագիտությունը նույնպես կարևոր են։ Անօդաչուներ չունենք, բայց շինանյութ ունե՞նք, կարո՞ղ ենք առաջնագիծն ամրացնել։ Եթե ապագային միտված քայլեր չկան, եթե համապատասխան ջանքեր չկան, եթե ղեկավարությունը առաջադրանք ընկալում է երաշխավոր պետություն գտնելը, անվտանգություն հայցելը, ապա դատապարտված ենք թե որպես հասարակություն, թե որպես պետություն», - նշել է նա։
Քաղաքագետն ընդգծում է՝ գերտերությունները Աստված չեն, օգնում են, երբ շահերի համընկնում ունեն։ Այո, իրավիճակը օբյեկտիվ գնահատմամբ բարդ է, միանշանակ լուծումներ չկան, մեկ ուղղությամբ առաջ գնալու համար պետք էր պատերազմում հաղթել.
«Իշխանության եկած մարդիկ հայտարարում էին, թե Հայաստանի համար զենք կարող է դառնալ ժողովրդավարությունը, որ ազատ հասարակություն ձևավորելով կարելի է մեծացնել պետության անվտանգությունը, դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է չափահաս մարդը հավատալ այս խոսույթին»։
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ ժողովրդավարությունը շատ կարևոր է բոլոր հասարակությունների համար, բայց կրակել ժողովրդավարությամբ չի ստացվի, ոգին նույնպես կարևոր է, բայց դրանով չես ռմբակոծի, այսինքն՝ հավատալ, որ հնարավոր է պաշտպանվել ժողովրդավարությամբ, միամտություն է.
«Այդ խոսույթը թուլացրեց հանրության զգոնությունը. մարդիկ ուզում են ապրել ինչպես Լյուքսեմբուրգում, նայեք քարտեզին, մենք Եվրոպայում չենք, մեր հարևանը Շվեյցարիան չէ»։