07/06/2023 12:52
Օվկիանոս չի առաջանալու Ռուսաստանի տեղում. այն մնալու է մեծ տերություն՝ համապատասխան պոտենցիալով. Իսկանդարյան (Տեսանյութ)
Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հարավային Կովկասը Ռուսաստանի համար դարձել է ճանապարհ դեպի Եվրոպա։ Հարավային Կովկաս ասելով նախ պետք է ընկալել Ադրբեջան, Հայաստան։ Այն, ինչ մենք կարող ենք առաջարկել Ռուսաստանին, խիստ սահմանափակ է, Ադրբեջանի դեպքում անհամեմատ ավելի շատ են հնարավորությունները՝ պայմանավորված հատկապես աշխարհագրական դիրքով։ Այսպիսով՝ Ռուսաստանի համար Ադրբեջանի արժեքը խիստ բարձր է։ Որքան կշարունակվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, որքան որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կշարունակի մնալ տարանցիկ երկիր, դեռ այդքան Արցախում, Հայաստանի շուրջ խնդիրները, անորոշությունները կպահպանվեն, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետի գնահատմամբ, Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու հավանականությունը այս պահին մեծ չէ։
«Ռուսական կառավարիչների մեջ կան մարդիկ, որ կարծում են՝ ինչ ծավալի ներդրում էլ Ռուսաստանն անի Հարավային Կովկասում, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ իրենցը չեն լինելու, հետևաբար ծախսվող ռեսուրսները, ջանքերը անիմաստ են, հարցն այն է, որ այդ մարդկանց ձայնն այնուամենայնիվ չի լսվում։ Ռուսաստանը կունենա ազդեցություն մեր տարածաշրջանում, եթե անգամ ինքն այդպիսի ցանկություն չունենա։ Օվկիանոս չի առաջանալու Ռուսաստանի տեղում, այն մնալու է մեծ տերություն՝ համապատասխան պոտենցիալով», - ասաց Իսկանդարյանը։
Նա ընդգծեց՝ այդուհանդերձ, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազումն ակնհայտ է՝ պայմանավորված Թուրքիայի գործոնով.
«Մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան տարածաշրջանում ուներ մշակութային, տնտեսական ներկայացվածություն, պատերազմից հետո Թուրքիան այստեղ է նաև ստրատեգիական առումով, և Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել Թուրքիայի գործոնը, հատկապես որ այդ երկիրը Ռուսաստանի համար խիստ կարևոր դեր ունի՝ ավելի կարևոր, քան Ադրբեջանը»։
Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանմամբ, 44-օրյա պատերազմում Թուրքիայի՝ Ադրբեջանին լիարժեք աջակցությունն այն գործիքն էր, որով Թուրքիան մուտք գործեց տարածաշրջան։ Կարևոր է հասկանալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական գործիչները հարյուր տոկոսով նույնական չեն, բայց հարյուր տոկոսով նույնական են նրանց համոզմունքները Հայաստանի, Արցախի վերաբերյալ։
«Այն պահանջները, որ հիմա Թուրքիայից առաջադրում են Հայաստանին, դրանք ոչ այնքան թուրքական են, որքան ադրբեջանական։ Թուրքիայից Հայաստանին հորդորում են՝ արեք այն, ինչ ասում է Ալիևը, ձեզ համար ամեն ինչ լավ կլինի», - նշեց նա։