07/06/2023 20:45
Հարավային Կորեան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին
Հարավային Կորեան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին՝ պայմանավորված Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով։ Այդ մասին նշված է նրանց ազգային անվտանգության ռազմավարությունում, որն այսօր է հրապարակվել։
Փաստաթղթում նշված է, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո Կորեայի Հանրապետության կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության մանրակրկիտ վերագնահատման անհրաժեշտություն է տեսնում։
«Մենք ուշադիր հետևելու ենք արտաքին պայմաններին՝ ինչպիսին է իրավիճակը Ուկրաինայում, և հետևողականորեն վերանայելու ենք Ռուսաստանի նկատմամբ մեր դիվանագիտական քաղաքականության ուղղությունը»,- նշված է փաստաթղթում։
Հարավային Կորեան հայտարարել է նաև, որ դատապարտում է հատուկ ռազմական գործողության անցկացումը Ուկրաինայում։ Ըստ հրապարակված դիրքորոշման՝ Կորեայի Հանրապետությունն իր ներդրումն է ունենալու Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացում, ինչպես նաև միանալու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին։
Միևնույն ժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ Հարավային Կորեան մտադիր է պահպանել կայունությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։
«Կառավարությունը ջանքեր կգործադրի նաև Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Մենք կշարունակենք դիվանագիտական շփումները կարևոր հարցերի շուրջ, որտեղ պահանջվում է համագործակցություն Ռուսաստանի հետ, նաև կշարունակենք աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու պատժամիջոցների հետևանքները մեր տնտեսության և Ռուսաստանում գործող ընկերությունների վրա»,- նշված է ռազմավարությունում։