07/06/2023 19:20
Հնդկաստանն ու ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ձևաչափ են ստեղծել
Հնդկաստան-ԱՄՆ ռազմավարական առևտրային երկխոսության (IUSSTD) շրջանակում տեղի է ունեցել առաջին հանդիպումը, հայտարարել է Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանատունը։ IUSSTD ձևաչափը ստեղծվել է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրների համագործակցությունը խթանելու նպատակով։
«IUSSTD-ի առաջին նիստի քննարկման առանցքում էին այն մեթոդները, որոնց կիրառմամբ երկու երկրների կառավարությունները կարող են դյուրացնել տեխնոլոգիաների մշակումը, զարգացումն ու դրանց առևտուրը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են կիսահաղորդիչները, տիեզերքը, հեռահաղորդակցությունները, արհեստական բանականությունը, պաշտպանությունը, կենսատեխնոլոգիաները և այլն»,- նշել են Հնդկաստանի դեսպանատնից։
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են նաև, որ IUSSTD ձևաչափը կնպաստի նաև համատեղ արտադրության, արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը՝ կրիտիկական տեխնոլոգիաների ոլորտում։
Նիստի արդյունքներով ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որի խնդիրն է վերահսկել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացման ընթացքը։
Նշենք, որ IUSSTD-ի համանախագահը հնդկական կողմից ԱԳՆ առաջին տեղակալ Վինայ Կվարտան է, իսկ ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։