07/06/2023 19:35
ԵՄ առաքելությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Լիահույս ենք, որ Ադրբեջանը նույնպես կհամաձայնվի՝ իր կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար․ Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հույս ունի, որ Ադրբեջանը ևս համաձայնություն կտա ադրբեջանական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության համար, սակայն այս առումով լավատեսական ազդակներ չկան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այդ մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ հրավիրեց ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Եվ լիահույս ենք, որ ադրբեջանական կողմը նույնպես համաձայնություն կտա՝ ադրբեջանական կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար»,-ասել է Ռոթը:
Այս առնչությամբ, սակայն, ինչպես ասել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, իրենք լավատեսական ազդակներ չեն ստացել Ադրբեջանից, թեև համարում են, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է:
«Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության կայունացմանը: Սա առաջարկ է, որը ներկայացնում ենք կողմերին ու սպասում նրանց արձագանքին»,-ասել է նա: