07/06/2023 18:14
Լոնդոնում գտնվող Ալեն Սիմոնյանը Լորդերի պալատի խոսնակի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա անելիքները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը:
Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, մտքեր փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքի ակտիվացումը»,- նշված է հաղորդագրությունում։