07/06/2023 17:46
Վրաստանի դեսպանն այցելել է Հայաստանի քննչական կոմիտե
Հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների բազմավեկտոր հարաբերությունների սերտացմանը։
Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքելու միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին, առավել արդյունավետ դարձնելու հանցավորության դեմ պայքարում միջազգային-իրավական փոխգործակցությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների մեծ ծավալների պայմաններում անհրաժեշտություն է դարձել հատկապես մաքսանենգության, տնտեսական և տրանսազգային բնույթ ունեցող հանցագործությունների բացահայտման նպատակով Վաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային սերտ հարաբերությունների կառուցումը։
Բացի այդ, խիստ օգտակար կարող է լինել նաև քննչական մարմինների միջև պրակտիկ փորձառության փոխանակմանն ուղղված տարբեր ձևաչափերի քննարկումներին, տեղեկատվության փոխանակմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Պարոն Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար։ Դեսպանը նշել է, որ բազմադարյա հարևան և բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը շարունակաբար խորանում է։ Նա շեշտել է, որ թեև ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում կան քննչական մի քանի ծառայություններ, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների կազմում, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի` զարգացնելու ըստ ոլորտների նախաքննական մարմինների անմիջական շփումը, իրականացնելու համատեղ նախաձեռնություններ։
Պարոն Շարվաշիձեն հավաստիացրել է, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի այդ գործըթնացին։
Կողմերը պայմանավորվել են հաճախակիացնել աշխատանքային շփումները։