07/06/2023 10:09
«Ժողովուրդ». Ամառը խորհրդարանում թեժ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչև ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաև մինչև օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը ևս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել:
Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար ևս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երևանի ավագանու ընտրություններն են»։