07/06/2023 19:46
Ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը․ Ալեն Սիմոնյանը՝ ՄԹ Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող պարբերաբար հնչող ուղիղ հայտարարությունների համար, այդ թվում` Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հարավային Կովկասի ներկա իրավիճակին` առանցքային համարելով առկա անվտանգության հարցերը:
ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ: Բարձրաձայնվել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձության հարցը»,- նշված է հաղորդագրությունում: