07/06/2023 13:19
Հայերը սկսել են հետաքրքրվել էկզոտիկ երկրներով. հանգստի ո՞ր ուղղություններն են պահանջված
Ամառային արձակուրդներն արդեն սկսվել են, իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքացիներն արդեն պլանավորում են, թե այս տարի որտեղ են հանգստանալու և ինչ պայմաններով:
Aysor.am-ը «Վարդան թրավել» տուրիստական ընկերության արտագնա տուրիզմի մենեջեր Մաշա Սարգսյանի հետ բացահայտել է, թե որ ուղղություններն են հայերի կողմից պահանջված և ինչ նախասիրություններ ունեն։
«Թվում է, թե պահանջարկը սկսվում է գարնան վերջից, բայց իրականում տարվա հենց սկզբից պահանջարկը շատ մեծ է եղել՝ տարբեր ուղղություններով։ Ես խոսում եմ մեր ընկերության մասին։ Ինչ հոսքով, որ սկսվել է, մինչև հիմա շարունակվում է։ Ուղղությունները հիմնականում բավականին շատ են։ Հիմնական վաճառվող, պահաջված ուղղությունները, բնականաբար, ավելի մատչելի ու հարմարավետ տարբերակներն են և դա միանշանակ Եգիպտոսն է։
Հիմնականում մարդիկ, ովքեր ընտանիքներով պլանավորում են սեղմ բյուջեով հանգստանալ, որտեղ սնունդն անսահմանափակ է և տեղում հավելյալ ծախսերը քիչ են, գնում են Եգիպտոս։ Բայց իհարկե շատ մեծ պահանջարկ ունեն նաև Շրի Լանկա, Էմիրություններ, Ինդոնեզիա, Հունաստան, Կիպրոս ուղղությունները։ Կա 8-10 ուղղություն, որտեղ Հայաստանից հոսքը շատ է։ Բացի ՀՀ քաղաքացիներից, այս տարի նրանց միացել են նաև ՌԴ-ի քաղաքացիները, ովքեր մեզ մոտ են բնակվում և այստեղից էլ կազմակերպում են իրենց հանգիստը»,-նշեց Մաշան։
Տուրիստական ընկերությունը խմբային տուրեր է կազմակերպում, և նոր ուղղություն է Քենիան.«Բրազիլիան, Զանզիբարը, Շրի Լանկան արդեն մի քանի տարի է՝ մեր ցանկում կան։ Այս տարի հոսքը դեպի էկզոտիկ երկրներ շատ մեծ է։ Խոսքը Ինդոնեզիայի, Տանզանիայի, Քենիայի մասին է։ Հետաքրքրվողները շատ են»։
Խոսելով գնային փոփոխություններից՝ ընկերության ներկայացուցիչն ասաց, որ Եգիպտոսի մասով, նախորդ տարվա համեմատ, այս տարի արժեքները մի փոքր բարձրացել են.«Միգուցե հոսքը շատ է, պահանջարկը մեծացել է, դրա հետ է կապված, չեմ կարող ասել։ Մի փոքր տարբերություն կա։ Իսկ մյուս ուղղությունների մասով, կարելի է ասել՝ նույնն են»։
Եթե մարդը շատ մեծ գումար չունի, սակայն ցանկանում է անպայման հանգստի մեկնել, ապա ամենամատչելի ուղղությունը Եգիպտոսն է.«Հունիս ամսին անձը սկսած 400 դոլարից, կարող է մեկ շաբաթով հանգստանալ Եգիպտոսում։ Բայց պետք է դիտարկել, որ այդ դեպքում հյուրանոցը չի լինելու բարձրակարգ։ Այսինքն՝ միջինից ցածր կարգի հյուրանոցներ են և դրանք այն մարդկանց համար են, ովքեր ուզում են ուղղակի բացահայել Եգիպտոսը և նրանց անհրաժեշտ է միայն հյուրանոցում գիշերել, քանի որ հիմնական ժամանակը տրամադրում են էքսկուրսիաներին։ Նորմալ հյուրանոցների գները սկսվում են 550 դոլարից։ Իսկ ահա Քենիայի դեպքում մեկ անձի համար տուրը կարժենա մոտավոր 2000 դոլար»։
Նրա խոսքով՝ միայնակ հանգստի մեկնողների թիվը շատ քիչ է.«Հիմնականում միայնակ գնում են էկզոտիկ երկրներ։ Բայց հայերի մեծամասնությունը հանգստի են մեկնում ընտանիքներով, ամուսնական զույգերով կամ ընկերներով»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։