07/06/2023 15:30
Տոմսերի վաճառքը դադարեցված է, գնվածներն էլ հետ են վերադարձվում. «Հարավկովկասյան երկաթուղի»-ն՝ սելավի հետևանքով փոխադրումների չեղարկման մասին
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը՝ Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։
Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ վերականգնման աշխատանքները շարունակվում են.«Դեռ շուտ է ասել, թե ինչքան վնաս է եղել։ Մեր ջանքերով կարողանում ենք վերականգնել։ Քաղաքացիների գնած տոմսերը հետ ենք վերադարձնում և կազմակերպում ենք մեքենաներով տեղափոխում։ Մնացած տոմսերի վաճառքը դադարեցված է»։
Գրձելյանը նշեց, որ եթե այսօր աշխատանքները չավարտվեն, ապա վաղը դրանք հաստատ ավարտված կլինեն, և երկաթուղին կսկսի իր բնականոն աշխատանքը.«Ուղղակի ջուրն անընդհատ գալիս է, դա է խանգարում»։