07/06/2023 10:25
Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը. Նարեկ Մկրտչյանը՝ Ժնևում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով։ Նստաշրջանին մասնակցել են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։
Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է ՀՀ զբաղվածության ռազմավարության մշակման, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու այլ ծրագրերի իրագործման կարևորությունը։
Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ «Արժանապատիվ աշխատանք» 2019-2023 թթ․ ծրագիրը Հայաստանի կողմից իրականացվել է հաջողությամբ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, զինված հակամարտությունները մնում են որպես այդ ջանքերի հիմնական մարտահրավեր:
«2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։
Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության 31 տարվա համագործակցությունը և շեշտել, որ կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը հատկապես սոցիալական արդարության ամրապնդման, աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման, սոցիալական երկխոսության զարգացման գործում։
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում: