07/06/2023 17:30
Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. Ավագանու անդամ
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները ետ չի ստացել, «Ազատության» հետ զրույցում պնդել է համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ Նա, ինչպես նաև Տեղի մյուս բնակիչները, արդեն երեք ամիս է՝ զրկված են իրենց վարելահողերից։
Այս տարվա մարտի վերջին, ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո, Տեղի բնակիչները անակնկալի էին եկել, երբ բացահատել էին, որ իրենց ցորենի դաշտերում ադրբեջանցիները խրամատներ են փորել ու դիրքավորվել։
Չնայած մերթ ընդ մերթ հնչող պաշտոնական հավաստիացումներին, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել.«Հիմնական մասերը իրանց ձեռն ա։ Հինգ մետր, տասը մետր, հիսուն մետր գնալը հո հետ գնալ չի։ 82 հեկտար մի տարածքում ա, 12 թե 13 հեկտար մի տարածքն ա, 7 հեկտար էլ մի մասն ա։ Իրավիճակը նույնն ա։ Ես ինչ տեսել եմ, նույնը մնում ա։ Հիմնական մասերը, որտեղ իրանք առաջից են նստել, ընտեղ էլ մնում են, մի մետր էլ հետ չեն գնացել»։
Անձամբ Զեյնալյանը երկու հեկտար է կորցրել, որտեղ հիմա ադրբեջանցիներն են.«Բոլորի հողի վրա նստած են... Պրոստը ես որ խոսում եմ, մտածում են՝ իմ հողի համար եմ կռիվ տալիս, չէ։ Դա ամբողջ ժողովրդի հարցն ա»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ խորհրդարանում պնդել էր, թե Տեղ համայնքում որոշ հատվածներից ադրբեջանցիները ետ են գնացել, սակայն այդպես էլ չէր հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հատվածից և որքա՞ն։
Ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Տեղ համայանքում 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են եկել Հայաստանի տարածք, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։
Բացի նրանից, որ Տեղ համայնքի բնակիչները շարունակում են զրկված մնալ իրենց վարելահողերից, նաև առ այսօր փոխհատուցում չեն ստացել ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով ունեցած կորուստների համար։
Ավագանու անդամ Զեյնալյանն ասաց, թե մարզպետը եկել է իրենց համայնք, հանդիպել է բնակիչներին, խոստացել է փոխհատուցել մեկ տարվա կորուստները։
Սյունիքի մարզպետը երեկ բացատրեց, թե ինչու են պատրաստվում փոխհատուցել հենց մեկ տարվա համար.«Այս տարվա չիրացված եկամտի համար կստանան աջակցություն, քանի որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա էնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։