07/06/2023 11:44
Հստակ ասվեց՝ մեքենայի ապակիների մգեցված թաղանթները չհեռացնողները կտուգանվեն․ պատգամավորի էլ են տուգանել (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարեց, որ պարեկները պատգամավորներցի մեկին տուգանել են, քանի որ ավտոմեքենայից հանած չեն եղել ապակիների մգեցված թաղանթները։
Նա խնդրեց շատ հստակ պարզաբանել՝ այսօր, եթե թաղանթով մեքենա լինի՝ տուգանվո՞ւմ են։
«Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ, մարդկանց հստակ ասեք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու։ ԱԺ պատգամավորին տուգանել են, լավ են արել, օրենքը օրենք է, թեև համաձայն չենք այդ կարգավորման հետ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ժամանակ ասաց Մանուկյանը։
Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ՝ տարաբնույթ ընկալումներ կան այս հարցի հետ կապված։
«Իրականում, հունիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին՝ տուգանք 25 հազար դրամով, ամսի 31-ին որոշեցինք, որ առաջիկա մի քանի օրը կկիրառվի տույժ՝ որպես դիտողություն, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- մանրամասնեց Խաչատրյանը։