07/06/2023 16:34
Շոշափելի առաջընթաց է ձեռք բերվել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներում. ես շատ գոհ եմ. Նիկոլ Փաշինյան
Ապաշրջափակման աշխատանքային խմբի վերջին հանդիպման ժամանակ շոշափելի առաջընթաց է գրանցվել, և ես շատ գոհ եմ դրանից, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները՝ ինքնիշխանության սկզբունքի, այն կողմերի իրավասության շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Դա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք ուրվագծված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը կոնկրետ առաջարկներ է արել, «և հուսով եմ, որ այդ առաջարկները կընդունվեն»։
«Սրանք փոխզիջումային լուծումներ են, որոնք մենք մշակել ենք վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է Փաշինյանը։
Աշխատանքային խմբի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Մոսկվայում։
Հունիսի 4-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունից։