08/06/2023 14:45
Ալերգիաների բուժման ամենատարածված սխալները՝ երեխաների շրջանում. Ալերգոլոգ
Տարվա այս եղանակին, հատկապես երեխաների մոտ դիտվող ալերգիաները շատ ծնողների անհանգստության պատճառն են դառնում։ Փորձելով օգնել, ծնողնեըը հաճախ կարող են տույլ տալ այնպիսի սխալներ, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակն ու ալերգիային կտան նոր ուղղություն։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի դասախոս Նունե Հովհաննիսյանը պատասխանել է ալերգիաներին վերաբերող հաճախ տրվող հարցերն։
Բժիշկն առանձնացրել է սխալների այն հիմնական շարքը, որոնք կարելի է հանդիպել երեխաների բուժման ընթացքում.
Անհիմն դիետաներ. Որոշակի սննդամթերքների բացառումը երեխայի ռացիոնից՝ հիմնվելով միայն հետազոտությունների արդյունքների վրա, կամ պարզապես համարելով դրանք դասական ալերգեններ։
Այսինքն՝ չի գնահատվում տվյալ սննդամթերքի կապը օգտագործման և ախտանիշների առաջացման հետ: Բացի այդ, անհիմն սննդակարգերը ոչ միայն ազդում են երեխայի և ծնողների կյանքի որակի վրա, զրկում նրանց անհրաժեշտ սննդանյութերից և ձևավորում վախ սննդի նկատմամբ, այլև ինքնին կարող են հանգեցնել տոլերանտության կորստի և ալերգիայի զարգացման:
Բրոնխիալ ասթմայի գերախտորոշում. Սխալների թվում են սուր շնչառական վարակների ֆոնին զարգացող բրոնխօբստրուկտիվ համախտանիշով կրկնվող բրոնխիտների էպիզոդները։ Եթե երեխան չի ունենում շնչառական որևէ գանգատ այդ էպիզոդների միջև, ասթմայի ախտորոշումը դառնում է խիստ կասկածելի։
Բրոնխիալ ասթմայի թերախտորոշում. Այս դեպքում տեղի է ունենում վերը նկարագրվածի ճիշտ հակառակը, բաց է թողնվում ասթմայի ախտանիշների զարգացումը (հազ, դիստանտ խզզոցներ, շնչահեղձություն, սեղմող զգացողություն կրծքավանդակում ֆիզիկական վարժությունների ընթացքում, սառը օդ կամ սուր հոտեր ներշնչելիս և կամ ալերգենների առկայություն պարագայում), ինչը պահանջում է ամբողջական և կանոնավոր թերապիա, այլ ոչ բուժում «ըստ պահանջի»։
Պետք է հիշել, որ «չբուժված» ասթման կարող է հանգեցնել բրոնխների կառուցվածքային վերակազմավորման։
Դեղերի անկանոն օգտագործումը քրոնիկ հիվանդությունների ընթացքում. Սեզոնային ալերգիկ ռինիտի ախտանշանները կարող են անհանգստացնել ծաղկման ողջ շրջանում, սակայն երեխաներն իրենց ծնողների հորդորով համառորեն դիմանան և դեղորայք ընդունեն միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնա անտանելի՝ պատճառաբանելով «կախվածություն» ձեռք բերելու վախը։
Իրականում հակաալերգիկ դեղամիջոցների մեծ մասը հազվադեպ է կախվածություն առաջացնում, իսկ բուժման բացակայությունը կարող է վատթարացնել երեխայի վիճակը և նույնիսկ մեծացնել դեղորայքի կիրառման անհրաժեշտությունը:
ASIT-ի՝ ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիայի անտեսում. ASIT-ն ալերգիկ ռինիտի և ասթմայի հիվանդությունը փոփոխող միակ բուժումն է։ Այն կարող է պաշտպանել ասթմայի զարգացումից, առկա ասթմայի վատթարացումից և ալերգիայի նոր տեսակների ավելացումից։
Ուստի, բժշկի խոսքով, որքան շուտ սկսվի այս բուժումը, այնքան այն ավելի արդյունավետ կլինի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։