08/06/2023 15:41
Հունիսի 8-ը՝ օվկիանոսների միջազգային օր. մարտահրավերներ ու համախմբում
Այսօր ողջ աշարհում նշվում է օվկիանոսների միջազգային օրը (World Oceans Day): Տոնը նշելու գաղափարն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյում 1992 թ-ին անցկացված միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Տոնը նշվում է նաև նրանց կողմից, ովքեր նույնիսկ անմիջականորեն չեն առնչվում օվկիանոսների հետ: Այս օրը կենդանաբանական այգիները, ակվարիումներն ու դելֆինարիումները միասնական ջանքեր են գործադրում պաշտպանելու ծովային կենդանիների իրավունքներն ու կայուն բնապահպանական միջավայրը:
Չնայած օվկիանոսների գեղեցկությանը և հսկայական կենսաբազմազանությանը, նրանց ապագան մռայլ է թվում: Ձկների մեծ պոպուլյացիաների մոտ 90% -ը անհետանում է, իսկ կորալյան խութերի կեսը՝ վերանում: Օվկիանոսները մահանում են մարդկային գործունեության պատճառով:
ՄԱԿ-ի տվյալներով, օվկիանոսների վրա հիմնված արդյունաբերությունները, հաջորդ տասնամյակում, ամբողջ աշխարհում կապահովեն աշխատատեղեր՝ մինչև 40 միլիոն մարդու համար:
Թեմայի շուրջ Մանկավարժական համալսարանում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասիստենտ, քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Գոնչարը հանդես է եկել գիտական ինտերակտիվ դասախոսությամբ։
Նա «Համաշխարհային օվկիանոսի վիճակի գիտական ըմբռնում և գնահատում» թեմայի շրջանակներում ներկայացրեց ՄԱԿ-ի փորձագետների գնահատականը՝ Համաշխարհային օվկիանոսի, օվկիանոսների ֆիզիկական և քիմիական վիճակի՝ ծովի մակարդակ, օվկիանոսի շրջանառություն, ջրի ջերմաստիճան և ջերմության պարունակություն, աղիություն, թթվայնացում, լուծված թթվածին, ծովի սառույց և դրա կապը կլիմայի փոփոխության հետ:
«Մարդածին բազմաթիվ գործոններ շարունակում են բացասաբար անդրադառնալ օվկիանոսի, ինչպես նաև ֆաունայի բնակության՝ մագրոսների և կորալային խութերի վրա։
Բացասական ազդեցության պատճառ են կլիմայի փոփոխությունները, անկայուն ձկնորսությունը՝ ներառյալ որսագողություն, մթնոլորտի աղտոտումը, նուտրիենտների և այլ վտանգավոր նյութերի ներմուծումը, ինչպես նաև մարդածին աղմուկի մակարդակի բարձրացումն ու ափամերձ տարածքների օգտագործման և հանքերի գործունեության չկանոնակարգված լինելը»,- իր ելույթում ընդգծել է բանախոսը։
Քիմիական գիտությունների թեկնածուի խոսքով, Համաշխարհային օվկիանոսը զբաղեցնում է երկրի մակերևույթի մոտ 71 տոկոսը․ անմիջականորեն ազդում է մեր մոլորակում կյանքի պահպանման վրա, հանդես գալիս որպես կայուն զարգացման գործընթացի անբաժանելի մաս և կարևորագույն գիտական հետազոտությունների օբյեկտ։
Օվկիանոսների համաշխարհային օրվա նպատակն է հանրությանը կրթել և իրազեկել այն մասին, թե ինչպես են մարդիկ իրենց սպառողական հոգեբանությամբ բացասաբար ազդում օվկիանոսների վրա, մշակել միջազգային շարժում, որը կոգեշնչի ու կմիավորի ողջ աշխարհին՝ քայլեր ձեռնարկելու և ջրային կյանքը փրկելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։