08/06/2023 13:31
Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը
Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը՝ COP29-ը, անցկացվի Եվրոպական Միության երկրներում: Սա կարող է բացասաբար անդրադառնալ ԵՄ անդամ Բուլղարիայի կողմից գագաթնաժողովը հյուրընկալելու հնարավորության վրա՝ առավելության տալով Հայաստանին և Ադրբեջանին, որոնք նույնպես հայտ են ներկայացրել 2024 թ.-ին COP29-ն անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ներքին էլեկտրոնային նամակներին:
Ըստ հոդվածի՝ Բուլղարիան և ԵՄ-ի անդամ չհանդիսացող Հայաստանը դիմել էին գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ Ադրբեջանն իր անունը հյուրընկալող երկրների թեկնածուների ցանկում ավելացրել է այս շաբաթ:
COP գագաթնաժողովը հյուրընկալելու հնարավորությունը ռոտացիոն հիմունքներով տրվում է ՄԱԿ-ի 5 տարածաշրջաններին: 2024 թ.-ին գագաթնաժողովը պետք է հյուրընկալեն Արևելյան Եվրոպայի երկրները: Տարածաշրջանի 23 երկրները պետք է հյուրընկալող երկիրն ընտրեն միաձայն: Reuters-ը նշում է, որ եթե Ռուսաստանը վետո դնի ԵՄ բոլոր երկրների վրա, ապա Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հնարավորություն ունեն անցկացնելու գագաթնաժողովը:
Ըստ հրապարակման՝ ապրիլին ՄԱԿ-ի համապատասխան մարմնում Ռուսաստանի պատվիրակությունը նամակ է ուղարկել արևելաեվրոպական ներկայացուցիչներին՝ հայտնելով, որ չի աջակցի ԵՄ երկրի թեկնածությունը:
2024 թ.-ին COP29-ը հյուրընկալող երկիրը կարող է որոշվել COP28 գագաթնաժողովի ընթացքում, որը կանցկացվի 2023 թ.-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում: