08/06/2023 18:51
«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից էլ ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ
Հունիսի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։
Մարզում առկա իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար 168.am-ը դիմել է տեղաբնակներին: Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասել է, որ ոչ մի ադրբեջանցի էլ Տեղ համայնքում որևէ կետից հետ չի գնացել։
«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր․ ոչ մի կետից ու դիրքից ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղերում կանգնած են։ Ոչ մի մետր հետ չեն գնացել»,- նշել է Շեգունցը։
Նա դժվարացել է ասել, թե ինչու է մարզպետը տեղեկություն տարածել, թե ադրբեջանական կողմը ինչ-որ հատվածներում հետ է գնացել։
«Բա հարցնեիք՝ ինչո՞ւ եք այնպիսի բաներ ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․․․»,- հավելել է նա։
Արարատ Շեգունցը նաև տեղեկացրել է, որ մարզպետարան չի դիմելու փոխհատուցում ստանալու համար․ ադբեջանցիների առաջ գալու հետևանքով իր ցորենի դաշտը մնացել է նրանց հսկողության տակ։
«Եթե պետք է ցորենի փոխհատուցում տան, դա ինձ պետք չէ։ Արցախում մարդիկ այդքան տուն կորցրեցին, այդքան ապրուստ, փոխհատուցում տվե՞լ են, հայրենիք կորցրեցին՝ կարո՞ղ են փոխհատուցում տալ»,- եզրափակել է Արարատ Շեգունցը։