08/06/2023 20:56
«Ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց»․ Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել
Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց, այսօր տեղի ունեցած վթարին է անդրադարձել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։
Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։
Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»,- գրել է Իոաննիսյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ վթարի վայրից։
Հիշեցնենք՝ վթարի առնչությամբ պարզաբանում է տարածել նաև ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով՝ ծառայողական քննություն է ընթանում։