08/06/2023 13:11
Ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող ամեն տարի հնարավորություն կունենա բարելավելու բնակարանային պայմանները
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:
Հիմնավորման համաձայն՝ ներկայում ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար:
Ըստ այդմ՝ հնարավորություն է ստեղծվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
Որոշմամբ առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին:
Ծրագրի շրջանակում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը, ինչի համար պետբյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157.000.000 ՀՀ դրամ։ 2024 թ. համար նախատեսված միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում։