08/06/2023 20:13
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է՝ երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից. ՄԻՊ խոսնակը՝ ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի մասին
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը պատմում է, թե ինչպես է արցախցի 7 տարեկան երեխային իջեցրել մեքենայից, թողել ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու համար:
Aysor.am-ի հարցմանը՝ ինչու՞ ՄԻՊ Անահիտ Մանասյանը չի արձագանքել պաշտոնյայի՝ երեխային հոգեբանական բռնության ենթարկելու միջադեպին, բռնության կոչին, ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը պատասխանել է՝
«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորման անընդունելիությանը՝ շեշտելով դրա վտանգավորությունը մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից: Պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև, որ երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, վիրավորանքից, կոպիտ վերաբերմունքից և այլն: Նշված երևույթներն անթույլատրելի են ցանկացած պարագայում»։