08/06/2023 12:03
Ծիրանի մթերման շատ էժան գին է սպասվում. ուզբեկական ծիրանը ռուսական շուկայից դուրս է թողնելու հայկականը. Հարություն Մնացականյան
Այս տարի ծիրանի մթերումը կիրականացվի էժան գներով։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
«Չեմ կարող ասել, թե ինչքան կիջնի գինը, շուկան է որոշելու դա։ Արդեն 5 տարի է՝ բարձրաձայնում եմ այդ մասին։ Մի քանի տարի է, ինչ Ուզբեկստանը լուրջ սելեկցիայով է զբաղվում և մեր շալախ տեսակի վրա են աշխատում, որպեսզի հարմարեցնեն իրենց կլիմային և շալախով մտնեն շուկա։ Այս տարի իրենք ռուսական շուկայում շալախի առաջարկն արել են և 450-500 դրամի սահմաններում են վաճառում։ Շատ արագ ծիրանի գինը իջնելու է, քանի որ մենք չենք կարողանալու մրցակցել ուզբեկների հետ, որովհետև իրենք և՛ լավ որակ են ստանում, և՛ լավ տարրայավորում են և մեր որոշ սպեկուլյատորների նման արկղի վերևի մասում լավը չեն դնում, իսկ տակը՝ «զիբիլ»։ Դա ուզբեկներին շատ մեծ առավելություն է տալիս և, կարելի է ասել, որ նրանք հախուռն մտել և գրավում են ռուսական շուկաները», - նկատեց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ մեզ մնում է օգտվել երկրորդային շուկաներից, որտեղ, բնականաբար, ավելի էժան է լինելու. «Գյուղացիները տանելու են շուկաներում վաճառեն, ինչը չի կարող արդեն թանկ լինել»։
Եվրոպա արտահանելը Մնացականյանը ոչ իրատեսական է համարում, քանի որ նախորդ տարիների արտահանման թվերը այդքան էլ հուսադրող չեն եղել.«Եվրոպա արտահանման թվերը շատ ծիծաղելի են։ Ամեն տարի շատ չնչին քանակություն Բելգիա էր գնում՝ 3-5 տոննա, որտեղ վաճառում էին միայն հայերին՝ կիլոգրամը 10 եվրոյով, իսկ այս տարի չգիտեմ՝ ինչ կանեն։ Իսկ ահա ուզբեկների ծիրանի արտահանման ծավալները տարեկան հասել է 750 հազար տոննայի։ Մեզ մոտ միջինում 28 հազար տոննա է»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ Հարություն Մնացականյանը մի քանի կետ թվարկեց, որոնց իրկանացման դեպքում հնարավոր կլինի լուրջ արդյունքներ գրանցել և շուկայում պահպանել դիրքերը.«5 տարի է՝ ես ինձ կոտորում էի, որ պետք է բրենդինգ արվի, մեր պտուղ-բանջարեղենները, որոնք, այսպես ասած, քիչ թե շատ ճանաչելի են, պիտակ խփեն վրա և հայկական բրենդի տակ ճանաչելիությունը մեծացնեն և բարձր գնով վաճառեն։ Ոչինչ չարվեց։ Այսօր, եթե ուզբեկները 100-200 հազար տոննա շալախ ծիրանը մտցնեն ռուսական շուկա, մենք մեր 28 հազար տոննայով չենք կարողանալու մրցակցել։ Պետք էր ֆերմերների հետ ճիշտ աշխատանք տանել. քանի տարի է՝ մեր ծիրանը ոչ մի սելեկցիայի չի ենթարկվել և, հետևաբար, մեր ծիրանի բերքատվությունը ուզբեկականից բավականին ցածր է։ Պետք էր սելեկցիայի շնորհիվ բարձրացնել բերքատվությունը, հետևաբար, իջեցնելով ինքնարժեքը։ Ամենակարևորը՝ պետք է ճանապարհածախսը պետությունը սուբսիդավորեր։ Օրինակ, Ուզբեկստանը միայն օդային բեռների փոխադրման գներն այնքան է իջեցրել, որ մեր ցամաքային բռնափոխադրումներից մի փոքր է ավելի ստացվում, և դա էլ նրանց շատ մեծ առավելություն է տալիս մեր նկատմամբ։ Ցանկացած երկիր կարողանում են օդային բեռնափոխադրումների միջոցով կազմակերպել իրենց արտահանման գործընթացը։ Իսկ մեզ մոտ, հասարակ բան ասեմ, դեպի Բելգիա օդային բեռնափոխադրումներով ապրանքի վրա ավելանում է 2.65 եվրո։ Իսկ ցանկացած գյուղմթերքի վրա 1000 դրամ բարձրանալու դեպքում այն արդեն մրցունակ չի դառնում։ Իսկ ուզբեկներն արտահանում են 0.4 եվրոյով, մնացածը սուբսիդավորում է պետությունը։ Մի շարք այսպիսի խնդիրներ կան, որոնք ոչ մի կերպ չեն փորձում լուծել, ոլորտը բարձիթողի վիճակում է»։
Նա նաև հավելեց, որ անցած տարվա համեմատ՝ ծիրանի բերքն այս տարի քիչ է.«Ամենածիծաղելին այն է, որ անցած տարի ամբողջ Ուզբեկստանում ցրտահարություն էր եղել և ուզբեկական ծիրան գրեթե գոյություն չուներ, և նույնիսկ այդ պարագայում չկարողացանք դատարկ շուկայում ճիշտ արտահանում կատարել և լուրջ վնասներով դուրս եկանք»։