08/06/2023 14:22
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները, համակարգում է իրականացվում ադրբեջանա-հայկական պետական սահմանին առաջացած հարցերի շուրջ»,- ասել է Գուլիևը։
Նշենք, որ Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:
Նիստին մասնակցում են նաև Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։
Հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները: