08/06/2023 20:12
Հուրգադայում ՌԴ քաղաքացի է զոհվել՝ շնաձկան հարձակման հետևանքով
Կարմիր ծովում՝ Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով Ռուսաստանի քաղաքացի է մահացել, ՏԱՍՍ-ին հայտնել է Հուրգադայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը։
«Ռուսաստանի քաղաքացի Պոպով Վ․ Յ․-ն՝ ծնված 1999 թվականին, մահացել է շնաձկան հարձակման հետևանքով»,- ասել է հյուպատոսը՝ հավելելով, որ Եգիպտոսի տեղական իշխանություններն արդեն հաստատել են այդ փաստը։
Դեպքը տեղի է ունեցել Dream Beach քաղաքային լողափի տարածքում, որը գտնվում է Հուրգադայի կենտրոնական մասում։ Հյուպատոսը հայտնել է, որ լողափը քաղաքի սեփականությունն է, այն կոնկրետ որևէ հյուրանոցի չի պատկանում։
Դիվանագիտական առաքելությունը սոցհարթակների միջոցով նաև կոչ է ուղղել Եգիպտոսում գտնվող ՌԴ քաղաքացիներին՝ հորդորելով պահպանել անվտանգության կանոնները՝ ջրում գտնվելու ժամանակ, չկորցնել զգոնությունը, խստորեն հետևել հյուրանոցների և առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների հրահանգներին, եթե նրանք զգուշացնեն, որ պետք է ցամաք դուրս գալ։