08/06/2023 16:19
Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային
ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով:
Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովմամբ, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպմամբ և անցկացմամբ:
«Մեծ նվաճումների սպորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մարզումային և մրցումային փուլերի շարունակականությունն ու անընդհատությունը: Սա նշանակում է, որ պետք է ավելացնել ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը: Ըստ էության, սրանք փորձի ձեռքբերման առաջնահերթ հարթակներ են և դրանցով որոշակիորեն երաշխավորվում են բարձր արդյունքները պաշտոնական մրցումներում»,- նշել է Արա Խզմալյանը:
Տրամադրված լրացուցիչ ֆինանսավորմամբ Հայաստանում կկազմակերպվեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերին՝ ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:
«2022 թվականին ֆեդերացիաներին լրացուցիչ 200 մլն դրամ հատկացվեց, որով մարզիկներին հնարավորություն տրվեց մասնակցելու ավելի մեծ թվով ուսումնամարզական հավաքների և մրցաշարերի, ու արդյունքները եղան աննախադեպ. նվաճեցինք 307 մեդալ՝ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն: Նկատի ունենանք նաև, որ 2023 թվականը նախաօլիմպիական տարի է և կարևոր են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, որոնցից շատերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Սա ևս առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների ու մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտություն: Ավելին, այս տարի, օրինակ, որոշ մարզաձևերի դեպքում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային են նաև Եվրոպական խաղերը: Այս ֆինանսավորմամբ, մենք հնարավորություն ենք ընձեռում չընդհատելու փորձի ձեռքբերման և կատարելագործման ընթացքը»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Այսպիսով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի, շախմատի, հրաձգության, ձյուդոյի, մարմնամարզության, սուսերամարտի, վոլեյբոլի, թենիսի, խոտի հոկեյի, թաեքվոնդոյի և Երևանի շախմատի ֆեդերացիաներին: