08/06/2023 15:03
Շրջակա միջավայրի վրա պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքի արդյունքը չենք տեսնում. այն որոշներին հարստացնելու միտում ունի. Բնապահպան
Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրական կարգավորումը, որով առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
Կարգավորումից հետո սուպերմարկետներում, առևտրի կետերում տոպրակները հաստացվեցին՝ բարձրացնելով դրանց գումարը։ Սակայն, վերջերս նկատվում է, որ դրան զուգահեռ շատ խանութներ անցել են նախկին սովորական տոպրակներին։ Կարելի է նկատել, որ ոչ մի արդյունք այս օրենսդրական կարգավորումը չտվեց էկոլոգիային։
Բնապահպան Սիլվա Ադամյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքը ոչ մի օգուտ չտվեց. «Երազանքներ ունեի այդ օրենքի հետ կապված։ Քանի որ մինչև կառավարության փոփոխությունը՝ անընդհատ խոսվում էր այդ մասին, շրջանառվում էին տոպրակների փոփոխման մասին լուրեր, բայց որպես օրենք չէր ընդունվում։ Ու երբ Շրջակա միջավայրի նախարարությունը, կառավարությունը որոշում կայացրեցին, որ պետք է այդ ցելոֆոնե տոպրակները փոխարինվեն այլ տոպրակներով և հետո էլ ընդհանրապես արգելվեն, ես, ճիշտն ասած, մտածեցի, որ գուցե մի բան ստացվի, գոնե այս մի հարցում կարողանանք խնդիրը լուծել։
Այդ հաստ տոպրակների իմաստն այն է, որ դրանք մի քանի անգամյա օգտագործման են։ Այսինքն՝ այդ հաստ տոպրակները չեն պատռվում, դու միանգամից դա աղբը չես գցում և կարող ես մի քանի անգամ օգտագործել, ըստ այդմ էլ, սպառումը կքչանա։ Բայց խնդիրն այն է, որ մեր հանրությունը այդ նույն տոպրակը հենց մեկ անգամ էլ օգտագործում է։ Ու եթե հիմա դուք գնաք աղբի որև ամանի մոտ, կտեսնեք, թե ցելոֆոնե տոպրակների ինչպիսի քանակություն ունենք»։
Բնապահպանի խոսքով՝ այս տեսքով օրենքի կիրառումը խնդրի լուծում չէր.«Ես ասացի, որ եթե ուզում եք թուլ տալ, որպեսզի տոպրակները վաճառվեն, ապա դրանց գինն այնքան բարձր պետք է լինի, օրինակ, 500 դրամ, որ մարդն ուղղակի չգնի կամ գնելուց հետո այն իր պայուսակի մեջ պահի և հետագայում օգտագործի։ Բայց ինձ ասացին, որ դա շատ թանկ է, հնարավոր չէ։ Իսկ ես կարծում եմ, որ շատ լավ էլ հնարավոր էր անել։ Հնարավոր էր այնպիսի գին դնել, ինչպես արտասահմանում են անում, որտեղ մոտ 5 եվրո է։ Իմ առաջարկը չանցավ՝ պատճառաբանվելով, որ ժողովուրդը բունտ կանի։
Հետո, երբ բավականին ժամանակ անցավ, ես հասկացա, որ այս օրենքն առ ոչնինչ էր։ Այս օրենքը հարստացրեց այն մարդկանց, ովքեր ունեն մեծ սուպերմարկետներ, ովքեր արտադրում են ցելոֆոնե տոպրակներ։ Միտումը գնում է դրան, ուրիշ բան մեզ մոտ չի փոխվել։
Ձեզ համար վառ օրինակ Նուբարաշենի աղբավայրը, գնացեք այնտեղ, տեսեք, թե ինչ է կատարվում։ Դրա համար այն պատճառաբանությունը, թե սկզբից տոպրակները թանկացնենք, հետո կամաց-կամաց կարգելենք՝ չեղավ։ Հիմա, երբ գնում ես փոքր խանութներ, քեզ մատուցում են սովորական ցելոֆոնե տոպրակներ։ Եթե դուք օրենք եք կիրառում, որ սովորական ցելոֆոնե տոպրակները չպետք է լինեն, ապա պետք է հետևողական լինել, քանի որ այն որոշ ժամանակ անց ընդհանրապես չի աշխատում։ Շրջակա միջավայրի վրա մենք այդ օրենքի կիրառման արդյունքը չենք տեսնում։ Չեմ ուզում հավատալ, որ այս օրենքը որոշ սուպերմարկետներին, մարդկանց հարստացնելու նպատակ ուներ, բայց պրոցեսը դրան է տանում։ Մեզ էլ են խաբել, այն իմաստով, որ մտածել ենք, թե լավ բան են անում»։